Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության առաջնային օղակները՝ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովները չունեն պատշաճ մասնագիտական որակում եւ բավարար ռեսուրսներ՝ բռնության ենթարկված անչափահասներին բացահայտելու եւ աջակցելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Ընտանիք եւ Համայնք» ՀԿ-ի ղեկավար Քնարիկ Գարանֆիլյանը: 

«Երեխաների նկատմամբ բռնություն կա ոչ միայն մեծահասակների, այլեւ հասակակիցների կողմից: Եթե ինչ-որ մեկը չի արձագանքում բռնությունը, այդ դեպքերն այդպես էլ չբացահայտված են մնում: Մինչդեռ առաջնային օղակները պետք է գտնեին եւ աջակցեին բռնության ենթարկված անչափահասներին»,-նշել է «Ընտանիք եւ Համայնք» ՀԿ-ի ղեկավարը:

Քնարիկ Գարանֆիլյանի խոսքով՝ երեխաների նկատմամբ բռնությունները կանխարգելելու նպատակով համայնքները պետք է համալրվեն երեխաների խնամքի ցերեկային կենտրոններով, որոնք կունենան սոցիալական աշխատողներ, հոգեբաններ եւ մանկավարժներ:  

«Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը միայն ոստիկանության գործառույթը չէ: Այս երեւույթը առաջին հերթին սոցիալական արձագանք պիտի ունենա: Ցերեկային կենտրոնները ոչ միայն բացահայտում են երեխաների վախը, կանխարգելում են, այլեւ վերականգնողական աշխատանքներ են տանում ոչ միայն բռնության ենթարկված երեխաների, այլեւ բռնարարների հետ՝սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ մատուցելով: Սա բռնության կանխարգելման լավագույն մոդելն է, եւ ժամանակն է, որ պետությունը ուշադրություն դարձնի այս մոդելին»,-ասել է նա:

Քնարիկ Գարանֆիլյանը ընդգծել է, որ Սոցապ նախարարության 3 ցերեկային խնամքի կենտրոնները եւ հասարակական կազմակերպությունները բավարար չեն 915 համայնքների համար:

Նշենք, որ նոյեմբերի 19-ը Երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրն է: