Ավտովթարի հետեւանքով տուժած դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողնաշարի վիրահատության է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դերասանուհու մայրը՝ հավելելով, որ վիրահատությունը լավ է անցել:

«Բարի մարդիկ օգնեցին, առձեռն գումար տվեցին, գնացի, 2 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ իմպլանտը գնեցի, վիրահատեցին Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, որոնք անհանգստանում են աղջկաս առողջության համար»,-ասաց Լաուրա Սաղաթելյանը:

Դերասանուհու մայրը նշեց, սակայն, որ իր դստերն անհրաժեշտ է նաեւ ոտքի վիրահատություն, որի համար գումար դեռեւս չունեն:

«Պետք է նաեւ ոտքի վիրահատություն անցնի, բայց գուցե այս վիրահատությունից հետո անհրաժեշտություն չլինի, բժիշկը կասի: Իսկ եթե երկրորդ վիրահատության կարիք լինի, դրա համար գումար չունենք»,-ասաց տիկին Լաուրան:

Տիկին Լաուրայի խոսքով՝ ապահովագրական ընկերությունը դեռեւս չի փոխհատուցել վթարի հետեւանքով հասցված վնասները: Ապահովագրական ընկերությունը պետք է 3 մլն դրամ փոխհատուցի հիվանդանոցին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը ծանր վնասվածքներ է ստացել հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ մեքենայի ձորը ընկնելու հետեւանքով, 10 օրից ավելի վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո նոյեմբերի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ: Դերասանուհին վթարի օրը եղել է իր ծանոթներից մեկի մեքենայի հետնամասում նստած եւ գլորվելու ժամանակ դուրս է թռել մեքենայից:

Դերասանուհին այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա մոտ առկա է 8-րդ կրծքային ողի բազմաբեկոր  վնասվածք եւ ոտնաթաթի ոսկրերի կոտրվածք: