Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանի ամբողջականությունը հարցականի տակ կդրվի։ Այս մասին նոյեմբերի 19-ին Շիրակի մարզի Հառիճ գյուղում սահմանադրական փոփոխություններին նվիրված հեռուստածրագրի շրջանակներում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը։ «Պետք է հաշվի առնել ժողովրդի կարծիքը, որովհետեւ յուրաքանչյուր փոփոխություն պետք է բխի ՀՀ քաղաքացիների շահերից։
Սակայն դա չի արվել։ Այս գործընթացում վիճելի շատ բան կա, այնպես որ հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկեք սահմանադրական փոփոխություններին»,- կոչ է արել նա։
Իր հերթին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ պետությունը չի կարող ճիշտ լուծել գյուղատնտեսությանը վերաբերող հարցերը։ Իսկ փոփոխություններից հետո համապատասխան մեխանիզմներ կստեղծվեն ցավոտ հարցերի լուծման համար։ «Բոլոր համայնքներում սոցիալական խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ Հայաստանում ինչ-որ բան այն չէ։ Մեր երկիրը չի հրապուրում ներդրողներին։ Սահմանադրական փոփոխություններից հետո այդ հարցերը կլուծվեն»,- ասել է Մելքումյանը։





























