Հայաստանում չկա էներգախնայողության քաղաքականություն, չնայած էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններից յուրաքանչյուրն արդեն 30-40 տարեկան է: Այս մասին նոյեմբերի 19-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Ազգային ժողովի Տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով «ԲՀԿ»-ի տեսակետը 2016 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ:

Նրա խոսքով պետք է նախապես հաշվարկել առաջիկա մի քանի տարվա էներգետիկ քաղաքականությունը: Մասնավորապես եթե Արաքս գետի վրա Իրանի հետ նոր ՀԷԿ –եր կառուցվեն, ապա պետք է հասկանալ, արդյոք վերին հոսանքում ջրի ցածր մակարդակը դրանց չի խանգարի: «Առայժմ այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունները բոլորովին չեն գործածվում: Դրա հետեւանքով էլ ջերմային էլեկտրակայանները արտադրում են 40 տոկոս, ԱԷԿ-ը 35 տոկոս, իսկ ՀԷԿ-երը՝ միայն 25 տոկոս: Մյուս աղբյուրների մասնաբաժինը էներգաբալանսում շատ աննշան է»- հավելել է նա: