«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ահազանգում է, որ իրենց Վարդենիսի գրասենյակը ենթարկվում է հալածանքի:
Տարածած հայտարարության մեջ ասվում է. ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակի պատասխանատու Մարտիրոս Հակոբյանը տեղեկացնում է, որ վարչախմբի ձեռքում եղած բոլոր տեղական լծակներն օգտագործվում են գրասենյակի եւ անձամբ իր քարոզչական գործունեությունը խափանելու նպատակով:
Վերջին օրերի ընթացքում գրասենյակի եւ նրա պատասխանատուի նկատմամբ արձանագրվել են հալածանքի հետեւյալ դեպքերը.
1. Մարտիրոս Հակոբյանը գրասենյակի համար տարածք է վերցրել այն փաստացի տիրապետող անձի հետ պայմանավորվածության հիման վրա, սակայն տարածքի սեփականատերը, որը, ինչպես պարզվել է հետագայում, Վարդենիսի ԱԱԾ բաժնի պետի տեղակալի մտերիմ բարեկամն է, տեղեկանալով այդ մասին, անմիջապես պահանջել է հանձնել տարածքը,
2. մինչ այդ՝ անհայտ անձինք գրասենյակի շենքի պատից պոկել եւ տարել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քարոզչական պաստառը,
3. Սոթքի կոմբինատի տնօրենի հարկադրանքով այդ կոմբինատում աշխատող Մարտիրոս Հակոբյանի ազգականը նրան խնդրել է ազատել իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, որտեղ Մարտիրոս Հակոբյանը ժամանակավորապես բնակվել է, ինչի հետեւանքով վերջինս ուղղակի հայտնվել է փողոցում,
4. ոստիկանությունը հանկարծ հայտնաբերել է, որ Մարտիրոս Հակոբյանի՝ ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը լրացել է եւ նորը դեռ չի կնքվել, նրան տուգանել է 100.000 դրամի չափով,
5. Մարտիրոս Հակոբյանին մշտապես հետեւում են տարբեր ավտոմեքենաներով՝ նրա տեղաշարժը հսկելու եւ նրա նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:
Այս ամենի հետեւանքով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակը եւ նրա պատասխանատուն փաստացի զրկվել են քարոզչական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:
Ճակատի նկատմամբ համակարգված ձեւով իրականացվող հալածանքի այս դրվագը եւս մի ապացույց է, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախումբը՝ անկախ սահմանադրության բովանդակությունից, եղել եւ մնում է որպես հանցավոր համագործակցություն, ուստի ՀՀ քաղաքացիների միակ նպատակը պետք է լինի վարչախմբի հեռացումը եւ ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումը», ասված է հայտարարության մեջ:





























