Նման տեմպերով Հայաստանի տնտեսությունը մինչեւ 2040-ը հազիվ վերականգնվի: Այդ մասին նոյեմբերի 19-ին Հայաստանի խորհրդարանում ասել է Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հայկական EV Consulting ընկերության գնահատականներով, որը Համաշխարհաին տնտեսական ֆորումի ամենամյա վարկանիշային աղյուսակների համար Հայաստանի մասով զեկույցներ է նախապատրաստում, եթե առաջիկա տարիներին պահպանվի տնտեսության նույնիսկ ոչ թե 2 – 2,5 տոկոս աճը, ինչպես նախատեսված է 2015-16-ի համար, այլ` 3,5 տոկոս, ապա Հայաստանի տնտեսությունը կվերականգնվի սոսկ 2040 թվականին: Իսկ այժմ արդեն երկիրը տարեկան լքում է 50 հազար մարդ, ասել է Զուրաբյանը:
«Իսկ հեռանում են, որովհետեւ մարդիկ աշխատանք չունեն: Վերջին տվյալների համաձայն, երկրում գործազրկությունը հասել է 18,4 տոկոսի: Եթե սպասենք 2040-ին, 600-700 հազար մարդ կկորցնենք», - հավելել է նա:
Մի քանի տարում, մինչեւ 2019 թվականը տնտեսությունը վերականգնել հնարավոր է, եթե աճը կազմի ֆանտաստիկ 7,5 տոկոս, հավելել է Զուրաբյանը:
Նվազել են նաեւ մի շարք կարեւոր մակրոտնտեսական ցուցանիշներ: Եթե 2012-ին ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների հարաբերակցությունը կազմում էր 25,3 տոկոս, ապա երկու տարվա ընթացքում նվազել է մինչեւ 21,1 տոկոս, իսկ 2015-16-ին կկազմի 20,1 տոկոս, հավելել է Զուրաբյանը:
Իրավիճակը կարող են փրկել միայն արդար ընտրությունները եւ ժողովրդի կամքով արժանի ուժի իշխանության գալը, հավելել է նա:




























