ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ հետ համագործակցությանը: Այդ մասին ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը Tert.am-ի հարցին պատասխան։

Հարցին, թե նոյեմբերի 23-ին տեղի կունենա ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության եւ կայուն զարգացման հանձնաժողովի նիստը, որի ժամանակ հնարավոր է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման ընթացքի քննարկում, այդ կապակցությամբ ենթադրվու՞մ է արդյոք ԵԽԽՎ զեկուցողի այց ԼՂՀ, Անի Սարգսյանը պատասխանել է. «Նոյեմբերի 16-ին մենք նամակ ենք ստացել ԵԽԽՎ Քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի կողմից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանքով։

Պատասխան նամակում մենք նշել ենք, որ չնայած զեկույցի անվանման եւ նրա պատրաստման գործընթացի առնչությամբ մեր ունեցած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ հետ համագործակցությանը»։

Ըստ մամուլի խոսնակի, միաժամանակ ընդգծվել է Սարսանգի ջրամբարի հարցի քաղաքականացման ցանկացած փորձի անթույլատրելիությունը։ «Մեր խորին համոզմամբ զեկույցում չպետք է շոշափվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչպես նաեւ կողմերի միջեւ փոխադարձաբար համաձայնեցված եւ միջազգային մանդատով օժտված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի առարկա հանդիսացող հակամարտության տարբեր ասպեկտներ։ Նման մոտեցմանը կողմնակից են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք 2015 թ․ նոյեմբերի 12-ին արված իրենց հայտարարության մեջ նշել են, որ «հաշվի առնելով բանակցությունների զգայուն բնույթը՝ ձեւաչափը փոփոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը եւ խոչընդոտում են կարգավորման ուղղությամբ առաջընթացի ձեռքբերմանը...»։

Հույս ունենք, որ ԼՂՀ կողմից համագործակցելու պատրաստակամությունն ամենայն պատասխանատվությամբ կընկալվի Միլիցա Մարկովիչի կողմից՝ զեկույցը օբյեկտիվության եւ անկողմնակալության սկզբունքների հիման վրա պատրաստելու նպատակով»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։