Դանիայում իսկապես ավելի քիչ ծառայողական մեքենա կա, քան Հայաստանում, բայց ավելի շատ են պաշտոնյաների սոցիալական երաշխիքները: Նոյեմբերի 19-ին Հայաստանի խորհրդարանում 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Դանիայի թագավորությունում մեքենաների թիվը նվազում է, քանի որ այդ երկիրը ցանկանում է կենտրոնանալ շրջակա միջավայրի մասին հոգ տանելու ուղղությամբ: Բայց դա, ըստ նախարարի, չի նշանակում, որ պետական ապարատի ծախսերն այնտեղ ավելի քիչ են:
Խոսելով հարեւան Վրաստանի մասին՝ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ 2 տարվա ընթացքում ծառայողական նոր մեքենաների համար 11.2 մլն լարի է հատկացվել (շուրջ 5 մլն դոլար)՝ չհաշված նախկին ավտոպարկը:
Վրաստանում ծառայողական ավտոմեքենաներ ունեն ոչ միայն նախարարներն ու փոխնախարարները, այլեւ բաժնի ղեկավարները (ի տարբերություն Հայաստանի - խմբ.): Բացի այդ, շարքային պաշտոնյաներն ընդհանուր օգտագործման ծառայողական մեքենաներ ունեն:
«Ես մանրամասն կանգ եմ առնում այս հարցի շուրջ՝ ցույց տալու համար, որ մեզ մոտ ոչ ոք չի վատնում բյուջեի միջոցները: Մենք փորձում ենք ծախսերը խելամիտ դարձնել եւ, որտեղ հնարավոր է, կրճատում ենք դրանք»,- ամփոփեց Խաչատրյանը:





























