Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական գործողության արդյունքում երեք ահաբեկիչներ են ոչնչացվել, որոնցից մեկը նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ենթադրյալ կասկածյալ Աբդելհամիդ Աբաուդն է:
Այդ տեղեկությունները հաստատել է Փարիզի դատախազությունը: «Երեք ահաբեկիչներ են սպանվել ոստիկանական RAID հատուկ ջոկատայինների գրոհի ժամանակ, այդ թվում Աբաուդը»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատախազությունում հստակեցրել են, որ նոյեմբերի 20-ի գիշերը շենքի փլատակներում կնոջ մարմին են հայտնաբերել, որը ենթադրաբար Աբաուդի զարմուհին է, որը պայթեցրել է իրեն «շահիդի գոտիով»: Մասնագետները պետք է պարզեն նրա ինքնությունը, ինչպես նաեւ եւս մեկ ոչնչացված ահաբեկչի ինքնությունը:
Նոյեմբերի 18-ի առավոտյան ոստիկանության հատուկ ջոկատը Սեն Դենիում գործողություն է իրականացրել, որտեղ բնակարաններից մեկում թաքնվում էր նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին առնչություն ունեցող ահաբեկիչների խումբը:





























