Գրոհայինների խումբը, որը մոտ 170 մարդու պատանդ էր վերցրել Մալիի մայրաքաղաքում գտնվող Radisson հյուրանոցում, պատկանում է  «Անսար ադ-Դին» խմբավորմանը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն, «արմատական իսլամիստները ձգտում են   շարիաթի  (իսլամական իրավունքի) օրենքներ հաստատել Մալիի տարածքում»:

Ինչպես նշվում է  Carlson Rezidor հյուրանոցի սեփականատեր ընկերության հայտարարության մեջ, հյուրանոցի 125 հյուր եւ 13 աշխատակից շարունակում է պատանդ մնալ ահաբեկիչների ձեռքում: Ավելի վաղ Մալիի պետական հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ  80 մարդու ազատել են:

Ուրբաթ Բամակոյի կենտրոնում գտնվող նորաոճ  Radisson հյուրանոցում գրոհայինները 170 մարդ էին պատանդ վերցրել` 140 հյուրի եւ 30 աշխատակցի:  Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում եւ արտասահմանցիների շրջանում մեծ հռչակ է վայելում: Մալիի անվտանգության ծառայությունների տեղեկությունների համաձայն, գրոհայինները դիվանագիտական համարանիշներով մեքենայով են ներթափանցել հյուրանոցի տարածք: 

Ներկայումս Մալիի զինվորականները հյուրանոցի ազատման հատուկ գործողություն են իրականացնում: