Երկրի աղետալի վիճակի պատճառը ոչ թե Սահմանադրության անկատարությունն է, այլ Սահմանադրության ոտնահարումը։ Այս մասին այսօր` նոյեմբերի 20–ին, սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «ՈՉ»–ի ճակատի հանրահավաքին Ազատության հրապարակում ասաց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։
«Սահամանդրությունը փոխելու հասարակական պահանջ չկա։ Մենք անընդունելի ենք համարում բոլոր բացասական երեւույթները Սահմանադրության վրա բարդելը։ Պարզվում է` այս երկրում ոչ մի հանցագործության համար մեղավոր չկա, ամեն ինչի մեղավորը Սահմանադրությունն է։ 2005–ին նույնն էին ասում, բայց դրանից հետո եղավ Մարտի 1, արտագաղթ, աղքատություն»,– ասաց Դեմիրճյանը։
Նրա խոսքով` երկրին հարկավոր են իրական փոփոխություններ, ոչ թե մի խումբ մարդկանց շահերից բխող հապճեպ փոփոխություններ, բայց այդ փոփոխությունները չպետք է իրականացնի «այն մարդը, որի պատճառով երկիրը հայտնվել է այս վիճակի մեջ»։
«Սահմանադրությունը խախտող իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե Սահմանադրություն փոխի»,– ասաց Դեմիրճյանը` նշելով, որ երկիրն աղետալի վիճակից հանելու գլխավոր նախապայմանը արդար ու ազնիվ ընտրությունների ճանապարհով իշխանություն ձեւավորելն է։





























