Զինված հանցագործների ավազակախումբը Վերոնայի Կաստելվեկյո թանգարանից աննախադեպ գողոություն է կատարել. գողացվել են Տինտորետտոյի, Ռուբենսի, Պիզանելլոյի, Անդրեա Մենտենիի, Յակոպո Բելլինի եւ այլ հայտնի վարպետների անգին կտավներ:
Վերոնայի քաղաքապետարանում «ՌԻԱ Նովոստիին» ասել են, որ թանգարանից գողությունը կատարվել է ուրբաթ երեկոյան: Զենքով սպառնալով` երեք հանցագործ կապկպել է միակ զինված պահակին, որն այդ պահին Կաստելվեկյո ամրոցում է եղել եւ նույնիսկ գանձապահին: Մնացած աշխատակիցները ստիպված են եղել գողերի առաջ բացել պատերասրահի դուռը, որտեղ վերջիններս պատերից 15 կտավ են իջեցրել: Առեւանգված ստեղծագործությունների թվում է Տինտորետտոյի հինգ կտավ, ինչպես նաեւ Պիզանելլոյի հայտնի «Կաքավով մադոննան», որը համարվում է Վերածննդի դարաշրջանի նկարչի մեզ հասած ամենավաղ կտավը:
Մասնագետների կարծիքով գործ ունենք արվեստի անգին գործերի պատվիրված գողության հետ: Այս աննախադեպ գողության հանգամանքների քննությամբ զբաղվում են Իտալիայի քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները:
Կաստելվեկյոյի քաղաքային թանգարանը, որը միջնադարյան գեղանկարչության եւ քանդակագործության հարուստ հավաքածու ունի, ստեղծվել է 1923-ին` համանուն ամրոցի շենքում: Ավելի քան 15 տարի XIV դարի այս շինությունը վերակառուցվում էր եւ միայն 1974-ին թանգարանը դարձյալ բացվեց հանրության առաջ:





























