2008թ. հետո Հայաստանի Հանրապետության պետպարտքն ավելացել է 3.8 անգամ, սակայն տնտեսությունը դրա արդյունքում չի աճել, հակառակը՝ ավելացել է աղքատությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, «Ոչ»-ի ճակատի երեւանյան հանրահավաքին ասաց ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Տարբեր ժամանակներում խաբել են, ասել են թոշակը, աշխատավարձը բարձրացրինք, բայց միայն անվանական, իսկ իրականում մարդիկ աղքատացել են, հարուստները` ավելի հարստացել պետպարտքի հաշվին: Սա արդեն վերջն է, մեր հայրենակիցներն այլեւս դրսից չեն կարողանում փող ուղարկել, մենք չենք կարողանում ապրանք արտադրել, մնում է պարտք վերցնել, ինչը նրանց շատ լավ հաջողվում է»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ 2016թ. նախատեսվում է պետպարքը հասցնել 5.6 միլիարդ դոլարի։

Անդրադառնալով 2016թ. բյուջեի նախագծին՝  տնտեսագետը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դրանով նախատեսվում է առողջապահության եւ կրթության ծառայությունները հարկել 20 տոկոս ԱԱՀ-ով, ինչը, հիշեցրեց նա, ժողովուրդն իր գրպանից է վճարելու: Մյուս կարեւոր հանգամանքը, Վահագն Խաչատրյանի խոսքով, բյուջեի նախագծով նախատեսվող ակցիզային հարկերի բարձրացումն է:

«10 տոկոսով թանկացնում են գազի ԱԱՀ-ն, չգիտե՞ք, որ Հայաստանում վարորդների 80 տոկոսն այդ գազն է օգտագործում»,– ասաց նա։

Բյուջեի մյուս կարեւոր թերությունը, ըստ Վահագն Խաչատրյանի, այն է, որ դրանում չկա նախատեսված գումար ներդրումների համար, եւ նախատեսվում է ընդամենը 2.2 աճ: Նրա հաշվարկներով, նույնիսկ 3.5 տարեկան աճի պարագայում արտագաղթի եւ աշխատանքի արտադրողականության ցանկալի ցուցանիշներին Հայաստանը կհասնի միայն 2040թ.: Տնտեսագետը նաեւ նշեց, որ Հայաստանում այսօր պաշտոնապես կա 18.4 տոկոս գործազրկություն, որով,ըստ նրա, մեր երկիրը ռեկորդակիր է եւ աշխարհում առաջին տասնյակում է: