Ռուսական ավիացիան Սիրիայի տարածքում «Իսլամական պետությանը» պատկանող նավթի պահպանման եւ վերամշակման 15 օբյեկտ, ինչպես նաեւ 525 ավտոցիստերն է ոչնչացրել: Այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նրա խոսքով, օրական 60 հազար տոննա նավթ այլեւս չի մատակարարվում սեւ շուկա, իսկ ահաբեկիչներն օրական մինչեւ 1.5 մլն դոլարի կորուստ են ունենում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ Ռուսաստանն համալրել է Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնող խմբավորումը: «Ծովային խմբավորումը մինչեւ 10 նավ է ներառում, որոնցից 6-ը Միջերկրական ծովում են»,- հաղորդել է նա:

Նախարարի խոսքով, օդային գործողությունների ընթացքում ռազմավարական եւ օպերատիվ-տակտիկական ավիացիան 522 թռիչք է իրականացրել, 101 թեւավոր հրթիռ արձակել, 1.4 հազար տոննա տարբեր նշանակության ռումբ նետել: «Ընդհանուր առմամբ, հակառակորդի 826 օբյեկտ է ոչնչացվել: Այդ թվում՝ զինյալների վարժանքների 23 բազա, զենքի ու պայթուցիկ սարքերի արտադրության 19 գործարան, զինամթերքի եւ նյութական միջոցների 47 պահեստ»,- ասել է Շոյգուն: