Իսպանիայից հակահայ պատգամավոր Պեդրո Ագրամունդին ԵԽԽՎ նախագահ ընտրելու հնարավորության հարցը պետք է քննարկել այն բանից հետո, երբ նա կվերընտրվի իսպանական խորհրդարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Ագրամունդի՝ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորության հետ կապված հայկական պատվիրակության մտահոգության առիթով Նաիրա Կարապետյանը նշեց. «Եկեք տեսնենք, արդյո՞ք Պեդրո Ագրամունդը կվերընտրվի: Դեկտեմբերին Իսպանիայում խորհրդարանական ընտրություններ են, եւ Վալենսիայից առաջադրվել է նաեւ Ագրամունդի թեկնածությունը: Միայն նրա վերընտրվելուց հետո հնարավոր կլինի հստակ գնահատականներ տալ»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Վեհաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրվել Պեդրո Ագրամունդը՝ ստանալով 72 ձայն: Հենց Ագրամունդն էր փորձում բոլոր միջոցներով Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների մասին զեկույցում ներառել «Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» եզրույթը:



























