Մալիում ուժայիններն ահաբեկիչներին արգելափակել են հյուրանոցի առանձին տարածքում: Նրանք այլեւս պատանդներ չունեն, իսկ իշխանություններին հաջողվել է հյուրանոցի շենքից 66 հոգու դուրս բերել: Այս մասին Մալիի անվտանգության նախարարը հայտարարել է Maliactu հեռուստաալիքի եթերում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախարարը նշել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում ուժային կառույցների 5 աշխատակից է վիրավորվել:
Նոյեմբերի 20-ին շուրջ 10 զինյալներ հարձակվել էին Մալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում գտնվող Radisson հյուրանոցի վրա եւ 170 հոգու պատանդառել: Անվտանգության ուժերն ազատել են բոլոր պատանդներին: Վերջին տվյալներով, 27 զոհի մարմին է հայտնաբերվել:
Փրկվածների թվում են Գերմանիայի 2 քաղաքացի, Բելգիայի 4 քաղաքացի, 4 չինացի, Թուրքիայի 5 քաղաքացի (Turkish Airlines-ի աշխատակիցներ), ԱՄՆ 6 քաղաքացի, 7 ալժիրցի, Ֆրանսիայի 12 քաղաքացի (Air France-ի անձնակազմի անդամներ) եւ 20 հնդիկ:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությանը» հավատարմություն հայտնած «Ալ Մուրաբիթուն» ահաբեկչական խմբավորումը:





























