ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի ընդունել այսօր` նոյեմբերի 20-ին, Երեւանում բողոքի ակցիա անցկացրած անհատ տաքսու վարորդներին, փոխարենը հանձնարարել է Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սամվել Հովհաննիսյանին ընդունել եւ լսել վարորդների առաջարկները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Ըստ Տիգրան Հովհաննիսյանի` ոստիկանության Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը վարորդներին հորդորել է հաջորդ շաբաթ իրենց առաջարկները իրավական ակտի տեսքով ներկայացնել:

«Մենք այս շաբաթվա մեջ իրավաբանների օգնությամբ մեր գաղափարներին օրենքի տեսք կտանք եւ մյուս շաբաթ կներկայացնենք այդ հանձնաժողով, որը կզեկուցի նախագահին»-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը նշեց, որ տաքսու վարորդները ցանկանում են, որպեսզի ոլորտը Տրանսպորտի եւ կապի նախախարության վերահսկողությունից անցնի Ոստիկանության վերահսկողությանը:

Նշենք, որ անհատ տաքսու վարորդները պահանջում են վերացնել լիցենզավորման կարգը, տաքսիների համար կայանատեղիներ հատկացնել եւ չեղարկել տուգանքները: