Չի կարելի բացառել, որ արեւմտյան նավթային ընկերությունները նավթ են գնում ԻՊ-ի կողմից գրավված տարածքներից, ասել է Ահաբեկչության վերլուծության կենտրոնի տնօրեն Ժան-Շառլ Բրիզարը, գրում է ֆրանսիական Les Echos թերթը: Տեսականորեն Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի հարստությունը կարող է գերազանցել 2 400 մլրդ դոլարը, եթե հաշվի առնենք նավթը, գազը եւ ֆոսֆատները:
«Այդ նավթն ինքը` «Իսլամական պետությունը» չի վաճառում: Տեղում` հանքերից այն գնում են միջնորդները: Դրանից հետո նրանք անձամբ հոգ են տանում, թե ինչպես տեղափոխեն, ինչպես վերավաճառեն: Իսկ միջնորդների առաջին ցանցի հետեւում անկասկած երկրորդը կա: Ի վերջո, նավթը հայտնվում է արտասահմանում: Այն մասամբ վերամշակում են տեղում, տնայնագործական եղանակներով, որովհետեւ վերամշակման կարեւոր գործարանները ոչնչացվել են կոալիցիայի ռմբակոծիչների կողմից: Այդ նավթամթերքը տանն է օգտագործվում: Իսկ նավթը տարվում է Թուրքիա, Իրաքի Քուրդիստան, Իրան: Ամեն տեղ մի քիչ: Բայց անհնար է ցույց տալ, թե որտեղ է: Չկան նախադրյալներ, որոնք հնարավորություն տան ապացուցելու, որ արեւմտյան նավթային ընկերություններն աշխատում են այդ նավթով, բայց այդ վարկածը լիովին բացառել չենք կարող», - նշել է Բրիզարը:
Կոալիցիան հարվածներ է հասցրել նավթի տեղափոխման տրանսպորտային ուղիներին եւ թորման օբյեկտներին: Բայց ԻՊ-ը հարմարվել է դրան: Նա միջնորդներից պահանջել է նավթը տեղում գնել, սեփական պատասխանատվությամբ:
Այնուամենայնիվ անցյալ տարի ԻՊ-ի կորուստները մեկ միլիարդ դոլար են կազմել, իսկ այս տարի` 600 մլն: Դա փոխհատուցվում է նոր հարկերով եւ բնակչությունից գումարների շորթմամբ:
Արվեստի գործերի սեւ առեւտուրը եւս եկամտի աղբյուր է, սակայն ԻՊ-ի բյուջեում փոքր կշիռ ունի, ամերիկյան աղբյուրների տվյալներով` տարեկան ոչ ավելի, քան 30 միլիոն դոլար, նշում է մասնագետը:





























