ԻՊ-ի դեմ պատերազմը քաղաքակրթությունների պատերազմ չէ, այլ պատերազմ քաղաքակրթության համար, La Tribune ֆրանսիական թերթում գրում է ֆրանսիացի լրագրող Ֆիլիպ Մաբիլը: Հոդվածում մասնավորապես ասվում է. «Կոպիտ ասած՝ պատերազմ չէր հայտարարվել: Իսլամական պետությունը՝ որպես այդպիսին, ճանաչված չէ: Այդուհանդերձ, այն մեր երկրի տարածքի կեսի չափով տարածք ունի, զինվորներ եւ հսկայական գումարներ: Ինչպես ասել էր Ֆրանսուա Օլանդը, դա «ահաբեկչական բանակ է»: Դա պետություն չէ, բայց այն հարկեր է գանձում եւ փող է տպում:

Եվ այսպիսով՝ ու՞մ դեմ է ընթանում պատերազմը: Ոմանք խոսում են ասիմետրիկ պատերազմից: Համապատասխան սահմանում է, քանի որ, ի հեճուկս պատերազմի բոլոր կանոնների, մի կողմից սպանում են խաղաղ բնակիչներին, իսկ մյուս կողմից դա գաղտնի ցանց է, որն ատում է մեզ եւ սպառնում է ոչնչացնել:

Քաոսի համար, որում հայտնվել է Մերձավոր Արեւելքը, հիմնականում պատասխանատու է ԱՄՆ-ը՝ Իրաքում Բուշի գործած սխալների պատճառով: Չնայած Բարաք Օբամայի տատանումներին՝ նա նույնպես պետք է մասնակցի միությանը, որի մասին հայտարարել էին ռուսներն ու ֆրանսիացիները: Բարբարոսների առաջ ոչ մի Մյունխենյան համաձայնագրեր ընդունելի չեն, քանի որ պատմությունը մեզ սովորեցնում է, թե ինչ է պատահում, երբ ժողովրդավարությունը թուլանում է:

Իհարկե սպառնալիքը ծախսեր է պահանջում, եւ այստեղ Ֆրանսիան ու Անգլիան միայնակ չպետք է մնան:

Մենք կհաղթենք, եթե միասնական լինենք: Եվ հաղթանակը Ալ Բաղդադի խալիֆին տապալելը չէ: Հաղթել նշանակում է թույլ չտալ այն, ինչ ԻՊ-ը կոչում է ֆրանսիական հասարակության լիբանանացում (այսինքն ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ): Մնեք կհաղթենք, եթե կարողանանք լուծել խնդիրները, որոնք դրդում են լուսանցքային ֆրանսիացիներին կրակել այլ ֆրանսիացների վրա, ատել մեզ՝ մեր աշխարհիկ, կոսմոպոլիտ, հանդուրժողական ապրելակերպը, մեր բարերը, թատրոնները եւ մարզադաշտերը:

Սա քաղաքակրթությունների պատերազմ չէ, սա պատերազմ է քաղաքակրթության համար: Համաշխարհային առաջնորդների պատասխանատվությունը հսկայական է լինելու»: