Սահմանադրական փոփոխությունների նախագծով բարձրանում է մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանվածությունը, քանի որ նախագծի 205-րդ հոդվածով նախատեսվում է ՀՀ տարածքային ամբողջականության հարցը լուծել հանրաքվեի ճանապարհով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Լոռու մարզի Օձուն գյուղում՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ «Իրապատում» հաղորդման շրջանակում նշել է ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, «Ոչ» քարոզող Նարեկ Այվազյանի այն նկատառմանը, թե 205-րդ հոդվածը վտանգում է ՀՀ տարածքային ամբողջականության հարցը։

«ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ ԵՏՄ մտնելու ժամանակ բոլորն ասում էին, թե ինչու պետք է մեկ անձ որոշի։ Հիմա փոփոխություն է արվել, պիտի պատասխանատվությունը չլինի մեկ անձի, կամ պառլամենտի վրա։ Կարծում եմ, որ ավելի մեծ պաշտպանվածություն տարածքային ամբողջականության եւ այլ ինչ-որ միություններին հարելու հարցում քան ժողովրդի դիրքորոշումն է, գոյություն չունի։ 205-րդ հոդվածով ընդհակառակը՝ ավելի է մեծացել է մեր երկրի սուվերենությունը»,-նշել է Արթուր Եղիազարյանը։

Օձունցի մի տղամարդ եւս Արթուր Եղիազարյանի կարծիքին էր, որը Նարեկ Այվազյանին հորդորեց ամեն ինչում վատը չտեսնել։

«Կարող ա՝ 205 հոդվածը լավ նկատառումներից ելնելով է մշակվել, որ երբ պահանջ զգացվի, Լեռնային Ղարաբաղը հեշտությամբ հանրաքվեի միջոցով ընդգրկվի Հայաստանի կազմում։ Պետք չէ ամեն ինչում վատը տեսնել»,-ասել է տղամարդը։

Նարեկ Այվազյանը ի պատասխան օձունցուն ասել, որ իրենք լավ Սահմանադրության կողմնակից են։

«Համանման կետի բացակայությունը մեզ չի խանգարի, որպեսզի Ղարաբաղի կամ այլ հնարավոր տարածքներ ներառեն ՀՀ կազմում։ Մենք ուզում ենք ռիսկերը բացառել»,-ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նորեկ Այվազյանը։ 

Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների հարաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։ Նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի։