Հանքավանում նոյեմբերի  16-ին 3 երիտասարդի սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը, որը սպանությունից առաջ ծեծի էր  ենթարկվել, դուրս է գրվել հիվանդանոցից:

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղ արդեն մեկ շաբաթ է՝ բուժում էր ստանում Գագիկ Սեփոյանը, NEWS.am-ին հայտնեցին, որ նա դուրս է գրվել բավարար վիճակով, պետք է գտնվի նյարդաբանի եւ անոթային վիրաբույժի հսկողության տակ:

Հիշեցնենք, որ ծեծի մեջ Սեփոյանների հարազատները մեղադրում են սպանված  Գալստյան եղբայրներին: Նրանց պնդմամբ՝ եղբայրները մեկ ծառ հատելու շուրջ վիճել են անտառապահ Գագիկ Սեփոյանի հետ, դանակով հարվածել են Գագիկ Սեփոյանին, վնասել են աչքը: Սպանվածների հարազատները, սակայն, պնդում են, որ Գագիկ Սեփոյանին դանակով հարված չի հասցվել, եղբայրները նրա հետ վիճել են, քանի որ նրան բռնացրել են իրենց սեփականությունը հանդիսացող տարածքում ծառեր հատելիս։ Նրանք NEWS.am–ի հետ զրույցում նշել էին, որ նախքան դեպքը մի քանի անգամ զգուշացրել են Գագիկ Սեփոյանին, նա երդվել է, որ ինքը ծառ չի հատում իրենց պատկանող տարածքից:

Հիշեցնենք, որ վիճաբանությունից հետո Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում Գագիկ Սեփոյանի որդին՝ Հայրապետ Սեփոյանը ինքնաձիգով կրակ էր բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները,  նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Երեքն էլ մահացել էին: