Սու-24-ի հետ կապված միջադեպը, որը կարելի է  որպես ճնշման միջոց եւ սադրանք բնութագրել, ոչ մի կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսական գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:  

Եթե պաշտոնապես հաստատվի, որ ռուսական ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում,  այդ ծայրաստիճան բացասական միջադեպը, Նադեին-Ռաեւսկու կարծիքով, չի բարելավի ռուս-թուրքական հարաբերությունները. «Երկու երկիրն էլ իրար վրա ազդելու միջոցներ ունեն, մնում է հարցը, թե արդյոք կողմերը պատրաստ են զոհաբերել տնտեսական շահերն ու սերտ համագործակցությունը քաղաքականության ոլորտում իրար հետ հաշիվ մաքրելու համար: Բայց ակնհայտ է, որ անհրաժեշտ է զսպել նրանց, ովքեր ցանկանում են զենք շաչեցնել»:

  Թուրքագետի կարծիքով, այս միջադեպի թիրախը ահաբեկչության դեմ պայքարն էր:   «Թուրքիան առանձնահատուկ ակտիվություն չի դրսեւորում  «Իսլամական պետության» դեմ պայքարում: Սահմանափակ հարվածներ են հասցվել ԻՊ-ի ուղղությամբ` երեք հարված ԻՊ-ի ուղղությամբ եւ 150` քրդերի: Չի կարելի դա ահաբեկչության դեմ լուրջ պայքար անվանել», - ընդգծել է փորձագետը: 

Ինչ վերաբերում է Սիրիայում հետագա հակաահաբեկչական պայքարին, Նադեին-Ռաեւսկու կարծիքով, Ռուսաստանը իր բարեկամներին  առեւտրի առարկա չի դարձնում եւ դա ռուսական քաղաքականության ամենակարեւոր կողմն է: