16-ամյա պատանուն մեղադրանք է առաջադրվել վիճաբանության ընթացքում 18-ամյա երիտասարդին դանակահարելու համար: Մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թ. հունիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, իրենց շենքի բակում հարևանների վիճաբանությունը սաստել է 16-ամյա պատանին՝ պահանջելով ցածր խոսել: Նրա պահանջը դուր չի եկել հարևանին, որի համար վերջինս 16-ամյա պատանուն կանչել է 2-րդ հարկի հարթակ: Հանդիպման ընթացքում կողմերը պարզաբանել են իրավիճակը և հարթել այն, սակայն խոսակցությանը միջամտել է երրորդ անձը՝ 18-ամյա մի երիտասարդ։ Վերջինիս և 16-ամյա պատանու միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, նախաքննության տվյալներով, վերջինս խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է 18-ամյա երիտասարդի որովայնի շրջանին՝ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս։