Ժամկետային զինծառայող Արթուր Մարգարյանը մեղադրվում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ զինծառայող Արթուր Մարգարյանը մարտական դիրքում իրականացրել է դիտորդի պարտականությունները: Այս ընթացքում նկատելով խրամատի աջ կողմից խրամուղով դեպի իրեն մոտեցող մարդու կերպարանքը՝ դիրքավորվել է: Արթուրը, ենթադրելով, որ մոտեցողը հակառակորդի զինծառայող է, առանց նշանաբառը պահանջելու լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգն ու կրակահերթ արձակել կերպարանքի ուղղությամբ, ինչի հետեւանքով լեյտենանտ Կ.Գրիգորյանը ստացված հրազենային վնասվածքից վիրավորվել ու մահացել է:
Արթուր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ 3-8 տարի ժամկետով:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:




























