«Միացյալ հայկական հիմնադրամ» շահույթ չհետապնդող կազմակերպությունը նոյեմբերի 30-ից դադարեցրել է իր գործունեությունը Արցախում եւ Հայաստանում, հաղորդում է «Արեւելքը»:
Հիմնադրամը նման որոշումը պայմանավորել է գլխավոր հովանավոր Քըրք Քըրքորյանի մահվամբ եւ դրան նախորդած «Լինսի» հիմնարկի փակմամբ, միաժամանակ երախտագիտություն հայտնելով մեծ բարերարին, որի շնորհիվ միլիոնավոր դոլարներ են ուղարկվել Հայաստան:
«Միացյալ հայկական հիմնադրամը» հիշեցնում է, որ 26 տարվա ընթացքում կազմակերպության միջոցներով ԱՄՆ-ից 159 օդանավային թռիչքով եւ ծովային ճանապարհով ուղարկված 2260 արկղերով 720 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստան եւ Արցախ:
Հիմնադրամի փոխանցմամբ, Հիմնադրամը ինչ-որ ծրագրեր, այնուամենայնիվ, կփորձի իրականացնել Արցախում եւ Հայաստանում, բայց նախկին գործունեությունը, որ ներառում էր հիմնականում դեղորայք, բժշկական սարքավորումներ, համակարգիչներ, կապի միջոցներ, գյուղատնտեսական եւ կրթական ծրագրեր տրամադրելուն, այլեւս չի լինի:





























