Գյումրիի 27-ամյա բնակիչ Աղասի Գրիգորյանը, որը մեղադրվում էր անչափահասին դանակարահելու համար, դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:
Նշենք, որ 2014թ փետրվարի 5-ին իր ընկերների հետ գտնվելով Գյումրու թիվ 2-րդ ավագ դպրոցի մարզադաշտում, այնտեղ միզելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել եւ Աղասի Գրիգորյանը իր մոտ եղած դանակով հարվածել է անչափահաս 17-ամյա Ռ.Սահակյանի կրծքավանդակին, որի հետեւանքով Ռ. Սահակյանը ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան գործն ընդունվել է 2014թ. օգոստոսի 4-ին, դատական քննությունն սկսվել է 2014թ. օգոստոսի 22-ից:
Աղասի Գրիգորյանի նկատմամբ 2014թ. մարտից խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Աղասի Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում ՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Աղասի Գրիգորյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատական նիստում իրեն մեղավոր է ճանաչել, ընդունել է մեղքը եւ զղջացել է կատարածի համար:




























