Երեւանի Էրեբունի համայնքի Ռոստոմի փողոցի տներից մեկում դեկտեմբերի 1-ին ինքնասպանություն գործած տղամարդը կենվոր է եղել, եւ դեպքից ընդամենը երկու օր առաջ է պայմանավորվածություն ձեռք բերել տանտիրոջ հետ նրա հարկի տակ վարձակալությամբ բնակվելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տանտիրոջ կինը՝ չցանկանալով հրապարակել իր անունը:
«Ընդամենը երկու օր առաջ էր տեղափոխվել մեզ մոտ, բայց ես նրան չեմ տեսել, ամուսինս է այդ հարցերը կարգավորում: Երեկ առավոտյան բարկացած եկավ, ասեց, որ մեր տնվորը կախվել է, ասեց՝ ուրիշ տեղ չկա՞ր, էկավ, ստեղ իրան կախեց: Դուրս եկա բակ, միայն կախված սիլուետը տեսա, վախեցա, ամուսինս ինձ արագ տուն ուղարկեց: Երեւի խնդիրներ է ունեցել, բայց ինչու՞ նման ձեւով, ուրիշի բակում խնդիրներից ազատվում, ու մեզ գցում խնդիրների մեջ»,-ասաց կինը:
Տանտերը, որը նաեւ փոքրիկ սրճարանի տեր է, նշեց, որ 50-ամյա Մկրտիչը կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին է զանգահարել իրեն եւ խնդրել իրեն վարձով սենյակ տալ:
«Երկուշաբթի եկավ, երեքշաբթի պիտի պայմանագիր կնքեինք, առավոտյան դուրս եկա, տեսա` կախվել ա»,- պատմեց տանտերը։
Տանտերը նշեց, որ դեռեւս չէր հասցրել ծանոթանալ իր կենվորի հետ, եւ չգիտեր՝ նա ինչով է զբաղվել, ինչ խնդիրներ է ունեցել եւ ինչի պատճառով կարող էր նման քայլի դիմել:
Հարեւանները պատմեցին, որ իրենք եւս չեն տեսել ինքնասպանություն գործած տղամարդուն. միայն լսել են, որ ընդամենը մեկ օր է մնացել այն տանը, որի բակում էլ կախվել է:
«Մի օր ա ընդամենը մնացել, ոնց որ էկած լիներ ստեղ, որ իրան կախեր»,-ասաց հարեւաններից մեկը:






























