Հանքավանում նոյեմբերի 16-ին սպանված Գալստյան եղբայրների հարազատները հաշվարկել են, որ այս աշնան ընթացում իրենց պատկանող տարածքից 350 ծառ է հատվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Գալստյանների բարեկամներից Հովհաննես Գրիգորյանը՝ նշելով, որ ծառերը հատվել են անտառապահ Գագիկ Սեփոյանի  իմացությամբ, որի հետ էլ ծագել էր սպանությանը նախորդած վիճաբանությունը՝ հատված ծառերի շուրջ:

«Շատ անպրոֆեսիոնալ են գործել, կարելի է ասել՝ նույնիսկ դաժանաբար: Սանիտարական հատումներ անելիս գոնե հին ծառերն են կտրում, բայց էս դեպքում անխնա կտրել են: Թե որ մասն են դեպքի օրը կտրել, որ մասը՝ դեպքից հետո, չգիտենք: Էդ օրը տղերքը գնացել են, երկու մեծ բեռնատար են տեսել՝ մի մասը բարձած, մյուս մասն էլ՝ նոր պիտի բարձեին»,- ասաց Հովաննես Գրիգորյանը:

Հովհաննես Գրիգորյանի խոսքով՝ վիճաբանությանը սպանված Գալստյան եղբայրներից,  նրանց ընկերոջից բացի եւս երկու հոգի են ներկա եղել, որոնք վկայություն են տվել, որ սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանի հայրը՝ անտառապահը, ընդունել է իր մեղքը, իր հետ ծառահատման գնացածներին հորդորել է չխառնվել վիճաբանությանը:

«Մեծ եղբայրը՝ Վահեն, գնացել ա, վեճը հանդարտացրել ա, ասել ա՝ ինչ կտրել եք, տարեք, ձերը լինի, մյուս տարի կգաս, ինչքան ծառ կտրել ես, կտնկես: Թեման փակվել ա, էս մարդիկ գնացել են»,- ասաց նա՝ նշելով, որ վիճաբանության մասին Հայրապետ Սեփոյանը իմացել է ոչ թե հորից, այլ ներկաներից մեկից ու գնացել է դեպքի վայր, որտեղ էլ սպանել է 3 երիտասարդներին:

Հիշեցնենք, որ վիճաբանությունից հետո Գագիկ Սեփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից օրեր անց դուրս էր գրվել:

Հիշեցնենք, որ ծեծի մեջ Սեփոյանների հարազատները մեղադրում են սպանված  Գալստյան եղբայրներին: Նրանց պնդմամբ՝ եղբայրները մեկ ծառ հատելու շուրջ վիճել են անտառապահ Գագիկ Սեփոյանի հետ, դանակով հարվածել են Գագիկ Սեփոյանին, վնասել են աչքը: Սպանվածների հարազատները, սակայն, պնդում են, որ Գագիկ Սեփոյանին դանակով հարված չի հասցվել, եղբայրները նրա հետ վիճել են, քանի որ նրան բռնացրել են իրենց սեփականությունը հանդիսացող տարածքում ծառեր հատելիս։ Նրանք NEWS.am–ի հետ զրույցում նշել էին, որ նախքան դեպքը մի քանի անգամ զգուշացրել են Գագիկ Սեփոյանին, նա երդվել է, որ ինքը ծառ չի հատում իրենց պատկանող տարածքից:

Հիշեցնենք, որ վիճաբանությունից հետո Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում Գագիկ Սեփոյանի որդին՝ Հայրապետ Սեփոյանը ինքնաձիգով կրակ էր բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները,  նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Երեքն էլ մահացել էին:

Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։ Նա կալանավորված է։