Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի Սան Բերնանդինո քաղաքում սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության կենտրոնում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվող տղամարդն ու կինը սպանվել են իրավապահներին հետ փոխհրաձգության ժամանակ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավար Ջերոդ բուրգուանը:
Նրա խոսքով, հարձակվողների ձեռքին ինքնաձիգներ եւ ատրճանակներ են եղել: Նրանք եղել են զինվորական դաշտային համազգեստով: Բուրգուանը նշել է, որ կա նաեւ երրորդ կասկածյալը, որը փորձել է փախուստի դիմել դեպքի վայրից: Ներկայուս նա կալանավորված է: Դեռեւս վերջնականապես պարզ չէ՝ արդյոք նա առնչություն է ունեցել միջադեպին, նրա ինքնությունը գաղտնի է պահվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կասկածյալներից մեկը եղել է ԱՄՆ քաղաքացի, գրում է The Los Angeles Times թերթը: «Իրավապահ մարմիններում երկու աղբյուրներ հայտնել են, որ հասկածյալն ԱՄՆ քաղաքացի է եղել, նրանք չեն թաքցրել նրա անունը»,-գրել է թերթը:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր կասկածյալներից մեկի անունը՝ Սայիդ Ֆարուք: Ըստ NBC_ի աղբյուրների, երկրորդ տղամարդը եղել է նրա եղբայրը:
Վերջին տվյալներով, միջադեպի հետեւանքով մահացել է 14, վիրավորվել՝ 17 մարդ: հարձակման պատճառները դեռ պարզ չեն: Իշխանությունները որեւէ տեղեկություն չունեն, որ հանցագործներն առնչություն ունեն ահաբեկչական խմբավորումների հետ:




























