Բելգրադում իր աշխատանքն է սկսում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 22-րդ նիստը: Նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով Սերբիայի մայրաքաղաք են ժամանել ԵԱՀԿ երկրների եւ գործընկեր երկրների ԱԳ նախարարները:

ԱԳ նախարարների նիստը կտեւի 2 օր՝ դեկտեմբերի 3-4-ին: Այն տեղի է ունենում «Արենո» մարզական համալիրում: Ֆորումը կամփոփի ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության արդյունքները, Կազմակերպությունում հաջորդ նախագահը կլինի Գերմանիան:

Հանդիպման մասնակիցները կքննարկեն ԵԱՀԿ տարածքում եւ հարակից տարածաշրջաններում անվտանգության եւ համագործակցության հարցերը, կընդունվեն մի շարք փաստաթղթեր:

Սպասվում է, որ քննարկման հիմնական թեմաները կլինեն Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները, Եվրոպայում փախստականների խնդիրը, իրավիճակը Մերձավոր Արեւելքում:

Բաձր մակարդակի հանդիպման հետ կապված Բելգրադում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները. Կարեւոր նշանակության օբյեկտներում, օդանավակայանում եւ հանդիպման հարակից հատվածներում ոստիկանները պարեկություն են իրականացնում ինքնաձիգներով: