Սահմանադրական փոփոխությունները պարտադրված են: Այս մասին հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Այս ճակատագրական պահին, երբ մեր ամբողջ տարածաշրջանում գերլարված իրադրություն է, երբ անհրաժեշտ է ներազգային ուժերի զորակոչում, Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գաղափարը հայաստանյան ծնունդ չի կարող լինել, քանի որ ոչ մի հայ ինքնին դավաճան չէ: Այն պարտադրված է, ինչպես Եվրասիական միություն մտնելու որոշումը: Եթե վերջինի համար քաղաքացիների կարծիքը չհարցվեց, ապա այժմ հնարավորություն կա մերժելու մեր երկրի ապակայունացմանն ու հասարակության ատոմիզացմանը միտված դավադրությունը:

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը հորդորում է.

1. Հայաստանի դրածո իշխանություններին՝ գոնե մեկ անգամ դրսևորել պետական գիտակցություն՝ հետաձգելով հանրաքվեն մինչև առավել բարենպաստ ժամանակներ, և երկրի ներսում չսադրել բախումներ ու անկայունություն:

2. Հայաստանյան ընդդիմադիր ուժերին՝ զերծ մնալ փխրուն կայունությունը սասանող գործողություններից՝ արտաքին ուժերին թույլ չտալով թուլացած Հայաստանն ու հայության գործոնը հերթական անգամ որպես մանրադրամ օգտագործել իրենց շահերի համար:

3. Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին՝ սահմանադրական օտարածին փոփոխությունների հանրաքվեին մասնակցությունը սահմանափակել քվեարկությամբ վճռական Ո՛Չ ասելով:

Սերունդները չեն ների մեզ, եթե կրկնենք 1920 թվականի հայ քաղաքական ընտրանու անհեռատեսությունը, որի պատճառով կորցրինք պետականությունը»:

Հիշեցնենք, որ սահմանադրության հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին: Այդ փոփոխություններով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: