Մենք պետք է պատմությունից դասեր քաղենք, որպեսզի չկրկնենք այն։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելելուց հետո NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը։
Պատմելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցից ստացած իր տպավորություններից՝ Համաչեկը նշել է. «Ներսումս ուժեղ հույզեր են կուտակվել։ Ես այստեղ եմ եկել բոլոր զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար։ Սա պետք է հաշվի առնեն բոլորը, հատկապես քաղաքական գործիչները։ Ես կարծում եմ, որ նման վայրերը ճիշտ վայրեր են նմանատիպ գործողությունները կանխելու համար»։
Հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը նման սարսափելի հանցագործությունները կանխելու համար, Համաչեկը պատասխանեց. «Հայաստանի ներկայացուցիչների հետ իմ հանդիպումների ժամանակ ես համոզվել եմ, որ Հայաստանը շատ խաղաղասեր երկիր է։ Սա երկիր է, որն ուզում է խաղաղ ապրել՝ չնայած, որ անցել է այդ պատմական դառը փորձի միջով։ Այդ պատճառով ամենալավ պատասխանը խաղաղության ձգտումն է»։
Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը դեկտեմբերի 1-3-ը գտնվում է Հայաստանում։ Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հետ, դասախոսություն է կարդացել Վալերի Բրյուսովի անվան համալսարանում։





























