Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:
Բնակիչների կողմից բարձրացվել է գումարային փոխհատուցման փոխարեն մայրաքաղաքի կենտրոնից դուրս գտնվող թաղամասերում բնակարանների տրամադրման վերաբերյալ կառուցապատողի առաջարկի, ինչպես նաեւ բնակարանների վարձակալության գումարի հատկացման, բնակարանների գումարի տեսքով փոխհատուցելու հետ կապված հարցեր:
Զեկուցվել է, որ 16 բնակարան արդեն տրամադրվել է գինու գործարանին հարող տարածքի նորակառույց շենքից, ինչպես նաեւ ամբողջությամբ փոխհատուցվել է 11 ընտանիքի բնակարանների գումարը, եւս 24-ի փոխհատուցման տրամադրման հարցն ընթացքի մեջ է:
Վարչապետ Աբրահամյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ բնակիչների հուզող խնդիրները գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում եւ որ կառավարությունն իր հնարավորության սահմաններում կփորձի հարցին որոշակի լուծում տալ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին հստակեցնել ցուցակները եւ հաջորդ շաբաթ ներկայացնել քննարկման:





























