Առկա ձեռքբերումները կդյուրացնեն Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը:

Նախարար Նալբանդյանը եւ պետքարտուղար Դեզիրը քննարկեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունները, երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր:

Պետքարտուղար Դեզիրը շնորհակալություն է հայտնել նախարար Նալբանդյանին՝ Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի հետ Հայաստանի համերաշխության դրսեւորումների համար՝ նշելով, որ Ֆրանսիան բարձր է գնահատում դժվարին պահին բարեկամ պետությունների աջակցությունը:

Երկուստեք շեշտվել է, որ ահաբեկչության դեմ պայքարում քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորի ջանքերը՝ արմատախիլ անելու համար այդ չարիքը:

Հայաստանի արտգործնախարարը եւ Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձ են կատարել ՀՀ - ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա ձեռքբերումները կդյուրացնեն նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացը: