Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի աշխատակիցների եւ երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը, որն առաջինն էր բարձրաձայնել դպրոցում տիրող իրավիճակի մասին, միջնորդել է, որ որպես կողմ ներգրավվի դատական գործընթացին:
«Մենք ենք հաղորդում տվել հանցագործության մասին, եւ պետք է ներգրավվենք՝ որպես կողմ: Միջնորդություն ենք ներկայացրել, քանի որ ցանկանում ենք ծանոթանալ գործի նյութերին, պաշտպանել աշխատակիցների, երեխաների, ինչպես նաեւ պետության շահերը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ 2014թ. ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ:
Գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցած չարաշահումների եւ բռնությունների վերաբերյալ նախաքննությունն արդեն ավարտվել է, գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Առաջին նիստը նշանակվել է դեկտեմբերի 7-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ֆինանսական բնույթի չարաշահումներն արձանագրվել են 2004-2014թթ., իսկ սաների նկատմամբ բռնությունները՝ 2010-2014թթ.։
2001թ. ապրիլի 17-ից «Բյուրեղավան քաղաքի թիվ 4 գիշերօթիկ դպրոց» ՀՄ-ի տնօրենի, իսկ 2007-2014թթ. նույն դպրոցի իրավահաջորդ՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցրել է Գայանե Մարգարյանը։
Նախնական քննության տվյալներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ՝ 2004-2014թթ. ՊՈԱԿ-ում որպես աշխատակիցներ հրամանագրվել են փաստացի աշխատանքներ չկատարող մի շարք անձինք. 2004թ. հրամանագրվել է երկու անձ, որոնց թիվը 2007թ. դարձել է երկու տասնյակից ավելի, ովքեր փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրերում՝ այդպիսով կեղծելով դրանք, որոնք հաստատվել են տնօրենի ստորագրությամբ։
Կազմվել են աշխատավարձի հաշվարկի կեղծ փաստաթղթեր, եւ նշված անձանց անունով ելքագրվել աշխատավարձերի, ամենամյա արձակուրդայինների գումարները, որոնք յուրացվել են, վատնվել։
Բացի այդ, նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված ուսումնական հաստատությունում տողանների, ինչպես նաեւ ուսումնադաստիարակչական գործընթացի այլ փուլերում՝ 2010-2014թթ., պարբերաբար բռնություն է գործադրվել, տնօրենի բնորոշմամբ, «կարգազանց» անչափահաս սաների նկատմամբ՝ նրանց պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք: Տուժած երեխաների թիվը հասնում է 14-ի։
ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հոփսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։




























