Տավուշցի Ալիկը 9 տարեկան էր, երբ հարեւանի տղայի տված ականը ձեռքն առավ ու հետաքրքրասիրությամբ սկսեց քանդել այն: Չարաբաստիկ երկաթի կտորը վերջին բանն էր, որ Ալիկը տեսավ լուսավորության մեջ:

Աչքի պոկված ցանցաթաղանթը վերականգնել չհաջողվեց, ու Ալիկը ստիպված եղավ հարմարվել նոր կարգավիճակին: Մթության մեջ առաջին քայլերն անելու, ապա տառերը ճանաչելու ապարդյուն փորձերը տղային չընկճեցին: Մինչ  հասակակիցները խաղում էին փողոցում, Ալիկը օրեցօր սովորում էր ավելի վճռական կռիվ տալ ճակատագրի հետ:

Տավուշից Երեւանի հատուկ դպրոց տեղափոխվելուց հետո որոշեց, որ իրեն ոչ ոք երբեք չի խղճալու ու չի նայելու որպես հաշմանդամություն ունեցողի: Դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո ընդունվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Պատմության և իրավունքի հիմունքներ բաժինը եւ կարմիր դիպլոմով ավարտեց այն:

«Համալսարանում մենակ ես էի, որ հաշմանդամություն ունեի: Ուշադրության կենտրոնում էի, ու նպատակ էի դրել բարձր առաջադիմությամբ սովորելու, որ չստացվեր, թե խնդիր ունեի, խղճահարելով գնահատական դնեին: Կամաց-կամաց կուրսեցիներիս համար էլ սովորական դարձավ, սկզբում տնեցիներն էին օգնում, կարդում էին, ես լսում, սովորում էի, հետո կուրսեցիներս էին օգնում: Իրենք կարդում էին, ես ձայնագրում էի, բերում էի տուն, լսում, սովորում էի»,- NEWS.am-ին պատմեց Ալիկը:

Ալիկը սովորեց հաղթահարել իր վախերը, հուսահատությունը, բայց հասարակության անտարբերությունն ու կարծրատիպերը կոտրելը նա ուժերից վեր են։

Համալսարանն ավարտելուց 8 տարի անց Ալիկը դեռ աշխատանք է փնտրում: Տեսողական խնդիրներ ունեցողներին առաջարկվող աշխատանքները, որոնց դիմավ նվազագույն աշխատավարձ են տալիս, չեն բավականացնի անգամ, որ Ալիկն ամեն օր տաքսիով աշխատավայր հասնի։

 «Կամ էլ ինչ-որ մեկին պիտի վճարեմ, որ ինձ ուղեկցի: Աշխատանքի առաջարկն էլ մինիմալ աշխատավարձով ու մի քանի տարվա փորձով է լինում: Անցած տարի էլ ինչ-որ միջոցառման էի մասնակցում, ԱԻՆ-ից մարդիկ կային, ասացին, որ 911-ը նոր ցանց է բացում: Իջեւանում կար հաստիք, հետաքրքրվեցի, ասել էին՝ տեսողական ծնդիրներ ունեցողներին չեն ընդունում, միայն հենաշարժողական խնդիրներ ունեցողներին են ընդունում: Այն դեպքում, երբ ես նորմալ կարողանում եմ համակարգչից օգտվել»,- ասաց նա:

Ալիկն այս անգամ էլ իրեն բնորոշ չհանձնվողի դիրքում է: Դպրոցական տարիքից համակարգչային հմտություններին վարժված երիտասարդը աուդիո մոնտաժի ծրագիր է ինքնուրույն սովորել: Հարազատների օգնությամբ տարիներ առաջ ձեռք բերած համակարգչով հնարավոր չէ մոնտաժն անել: Ալիկին այժմ համապատասխան սարքավորումներով համակարգիչ է անհրաժեշտ, որ կարողանա տանը պատվերներ ընդունել ու աուիդո մոնտաժով գումար վաստակել: 

«Եղել են առաջարկներ, որ գրքեր ձայնագրեն, ես մոնտաժեմ, բայց ես էլ պետք ա մի մասը տամ մեկ ուրիշն անի, որովհետեւ տեխնիկա չունեմ, իսկ էդպես ձեռք չի տալիս: Ուզում եմ ինքս ունենամ, ու թեկուզ ցածր գնով մոնտաժեմ»,- նշեց նա:

Գումար աշխատելուց բացի, Ալիկը որոշել է նոր համակարգիչ ունենալու դեպքում ֆինանսավորում գտնել ու ստեղծել դպրոցական ու բուհական դասագրքերի աուդիո գրքեր, որպեսզի օգնի իր նմաններին ավելի հեշտ հաղթահարել խոչընդոտները։

«Բուհում սովորելու ժամանակ ոչ մի աուդիոգիրք չկար տեսողության խնդիրներ ունեցողների համար: Ես նույնպես այդ խնդրի առաջ էի կանգնել ու դրա համար  հիմա նպատակ ունեմ մասնագիտական ու դպրոցական աուդիոգրքեր ստեղծել»,- ասաց Ալիկը՝ նշելով, որ նախորդ տարի մրցույթներից մեկում իր ներկայացրած ծրագիրը հաղթել է, դրամաշնորհ է ստացել, թիմ հավաքել, ստեղծել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի աուդիո տարբերակները:

Ալիկն այժմ իր ունեցած հին համակարգչով կարողանում է միայն սոցցանցով կապի մեջ մնալ իր ընկերների հետ ու հետեւել նորություններին: Վերջերս տեղեկացել է, որ աշխարհում արդեն փորձում են լաբորատոր եղանակով աչքի ցանցաթաղանթի բջիջներ ստանալ ու ավելի է ոգեւորվել՝ հույսով, որ մի օր հնարավորություն կունենա վերադարձնել իր կորցրած տեսողությունը: