Չինական Չունցին քաղաքում Ցաո Յուեհուա եւ Վան Դեի ամուսինները ամուսնությունից  70 տարի անց որոշել են վերստեղծել իրենց ամուսնական լուսանկարը: Զույգը վերադարձել է երկրի հարավ-արեւմուտքում գտնվող այգի, որտեղ 1945-ի նոյեմբերի  24-ին նրանք ամուսնացել էին, գրում է Lenta-ն` վկայակոչելով Mashable-ին:

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, չինացիները, որոնք այժմ  98 տարեկան են, ծանոթացել էին  1943-ին` համալսարանական պարահանդեսի ընթացքում, երբ Յուհուան Դեիին պարի էր հրավիրել եւ հենց առաջին հայացքից սիրահարվել էր աղջկան: Տարեդարձի եւ ֆոտոսեսիայի կազմակերպման գործում նրանց զավակներն են օգնել: Չորս որդիներից ամենաերիտասարդը`  60-ամյա Ցաո Պանպեյը (Cao Pangpei) մասնակցել է ամուսնական զգեստի, քողի, ծաղիկների եւ փեսացուի համար սմոքինգի փնտրտուքին: 

«Նրանք այնքան երկար են միասին եղել, սակայն նրանց սերը երբեք չի մարել:  Մշակութային հեղափոխության ժամանակ հայրս ռազմաճակատ էր մեկնել: Նրանք աջակցել են իրար, չնայած դժվարություններին: Տարիքի պատճառով ծնողներս իրենց կյանքի ոչ բոլոր մանրամասներն են հիշում, սակայն մեզ համար կարդում են բանաստեղծություններ, որ գրել են պատերազմի ընթացքում», — ասել է Պանպեյը: 

Զույգը կրկնել է  1945-ի ամուսնական լուսանկարը եւ 2005-ին` ամուսնության 60-ամյակի առիթով արված լուսանկարը: