Վերջիվերջո Ազատության հրապարակում վրանները պիտի տեղադրենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Նոր Հայաստան» միասնական ճակատի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:
«Առաջին օրվանից իրազեկում արել ենք, որ վրաններ պիտի դնենք, ոստիկանները ամեն ձեւով հասկացրել են, որ չի կարելի, բայց վերջիվերջո պիտի տեղադրենք: Ինչպես տեսնում եք այսօր հսկողությունը ուժեղացել է, բայց պիտի տեղադրենք»,-ասաց Սեֆիլյանը:
Նշենք, որ հրապարակում ընդդիմադիրները անձրեւանոց են տեղադրել եւ կողքերը պաստառներով փակել: Այս պատսպարանը թեեւ վրան է հիշեցնում, սակայն ոստիկանները դրա վերաբերյալ առարկություն չեն ներկայացրել: Սեֆիլյանն ասաց, թե պատճառն այն է, որ դա ճակատի նախընտրական շտաբն է:
«Սա հանրաքվեի մեր քարոզչական շտաբն է, որը տեղափոխվել է Ազատության հրապարակ»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ «Նոր Հայաստան» ճակատից ընտրատեղամասերում կաշխատեն «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, իսկ ճակատը համակարգողներն ու համակիրները Ազատության հրապարակից մեծ էկրանով կհետեւեն ԿԸՀ-ի հաշվարկներին, որը ուղիղ հեռարձակվելու է:
Նա չբացառեց, որ դեկտեմբերի 6-ին ուշ երեկոյան, հաշվակներից հետո իրենք կգնանա կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` ընդվզումները շարունակելու:
«Ամսի 6-ի հանրահավաքը շատ ենք կարեւորում, որը կլինի 20:00-ին, այսինքն` այն ժամին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով կոչեցյալը կսկսի ամփոփել արդյունքները: Կլինի մեծ էկրան եւ բոլորը կհետեւեն եւ պատրաստ կլինեն որեւէ ընդվզման»,-ասաց Սեֆիլյանը` չգաղտնազերծելով ընդվզման տեսակը:
Չնայած սակավամարդ հավաքներին, Սեֆիլյանը վստահեցրեց, որ ինքը նկատում է` ձնագնդի պես մեծանում է մասնակիցների քանակը:
«Առաջին օրը տպավորիչ էր, մենք գոհ ենք, բայց բոլորին ասել, որ զինվորի պես ենթարկվի մեր խոսքին, ճիշտ չէ: Ես վստահ եմ, որ ձնագնդիկը մեծանում է: Երեկ օրինակ գուցե հանրահավաքը քիչ էր, բայց երթի վերադարձը ավելի շատ էր, քան նախորդը: Օր օրի շատանում են կարծես»,-ամփոփեց Սեֆիլյանը:





























