ԱՄՆ-ում դատարանը 23-ամյա ուսանող Էնդրյու Քուիքին դատապարտել է 48 տարվա ազատազրկման Թեքսասի Lone Star քոլեջում սպանդ կազմակերպելու համար։ Մեղադրյալը դեռ օգոստոսին ընդունել էր իր մեղքը։
Պաշտպանող կողմը պահանջում էր պայմանական ազատազրկում սահմանել՝ նշելով, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ուներ։ Փաստաբանի խոսքով՝ Քուիքն ի ծնե խուլ է եղել եւ այդ պատճառով չի կարողացել բարեհաջող կերպով ինտեգրվել հասարակությանը։ Դա էլ եղել է նրա հանցագործության դրդապատճառը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Իր հերթին մեղադրող կողմը նշել է, որ Քուիքը հանգամանալից պլանավորել էր իր հանցանքը։ Ձերբակալությունից հետո նա խոստովանել է, որ մանկությունից երազում էր մարդկանց սպանել եւ ուզում էր կյանքի կոչել «Գառների լռությունը» ֆիլմի կադրերը։
Lone Star քոլեջի ճամբարի վրա հարձակումը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլին։ Ականատեսների վկայությամբ՝ տղան լուռ անցել էր միջանցքներով եւ դանակահարել մարդկանց։ Ընդհանուր առմամբ նա վիրավորել էր 14 մարդու, զոհեր չէին եղել։




























