Գյումրիում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն` առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով):
Նախնական տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված անձինք, զինված դանակով ու կացնով, մուտք են գործել Բեզիկյան ամուսինների բնակարան, դանակով հարվածել ամուսնուն, ապա կպչուն ժապավենով, թելով եւ գլխաշորով կապել վերջինիս ու նրա կնոջ ձեռքերը:
Ամուսինների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առերեւույթ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են ոսկյա զարդեր, կանխիկ գումար եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Ամուսիններին պատճառվել է մոտ 3 միլիոն 500 հազար դրամի վնաս:
Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:




























