Եթե 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժն այսօր լիներ, մարդկային եւ նյութական կորուստներն անհամեմատ քիչ կլինեին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը՝ նշելով, որ երկրաշարժից հետո կառուցված շենքերի սեյսմակայունությունը բարձր է:
«Բացի այն, որ նոր կառուցված շենքերի սեյսմակայունությունը նախկին 7-8-ից հասել է 9 բալի, այժմ բնակչության տեղեկատվության մակարդակն է բարձր, նրանք գիտեն՝ ինչպես վարվել երկրաշարժից առաջ ու հետո: 1988թ. մենք անպատրաստ էինք, իսկ այժմ կարող ենք խուսափել նման աղետից»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը:
Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում սեյսմակայունության վտանգ կա, ուստի երկրաշարժերի կանխատեսման խնդիրը մնում է հրատապ:
«Ընդհանուր առմամբ այս խնդիրը լիովին լուծված չէ: Չնայած մենք սեյսմիկ պաշտպանության ծառայությունում ունենք 152 սեյսմիկ կայան, այնուամենայնիվ, երկրաշարժերի կանխատեսումները երբեք հնարավոր չի լիարժեք կատարել, որ բնակիչներին զգուշացնել լքել իրենց բնակարանները»,- ասաց նա:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի խոսքով՝ այս տարի Հայաստանում գրանցվել է տարբեր ուժգնության 186 երկրաշարժ, որոնցից միայն 9-ի դեպքում են մարդիկ ցնցումները զգացել: 17 երկրաշարժ էլ գրանցվել է ԼՂՀ-ում:




























