Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հիմնված է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունները զարգացնելու եւ ամրապնդելու հանձնառության վրա: Այս մասին, դեկտեմբերի 3-ին, Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 22-րդ նիստում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, այդ գործընթացի նպատակն է ապահովել արդյունավետ կառավարում, պաշտպանել եւ խթանել մարդու իրավունքները, ամրապնդել օրենքի գերակայություն, բարձրացնել դատական համակարգի անկախությունը:
«Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համաձայն՝ նախագիծը «չափազանց բարձր որակի է» եւ «միջազգային չափանիշներին համապատասխան»։ Մենք հրավիրել ենք ԺՀՄԻԳ-ին եւ այլ միջազգային կառույցներին՝ դիտարկելու հանրաքվեն՝ չունենալով նման հանձնառություն»,-ընդգծել է Նալբանդյանը:
«Անվտանգության հարափոփոխ պայմաններում առավել կարեւոր է դառնում ԵԱՀԿ-ում համագործակցության միավորող օրակարգ ունենալը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Գերմանիայի գալիք նախագահությանը՝ ապահովելու ջանքերի միասնականությունը երեք հարթություններում եւ զարգացնելու կազմակերպության կենսունակությունն ու կարողություններ, ամրապնդելու ապահովությունն ու անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում»,- նշել է նա:





























