Եթե դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին հաստատվի, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են, փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կփակի մայրաքաղաքի փողոցներն ու անհնազանդության ակցիաներ կանցկացնի պետական կառույցների շենքերի դիմաց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին,  Ազատության հրապարակում հայտարարել է ճակատի ձեւավորած «Ընդդիմության միասնական շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը:

«Քաղաքացիներին, որոնք դեմ են այս իշխանություններին ու սահմանադրական փոփոխություններին, կոչ եմ անում դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին լինել այստեղ, որ միասին պայքարենք ու հաղթենք այս իշխանություններին: Ինչ ուզենք, այն էլ կանենք»,- ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ եթե պատկան մարմինները այսօր էլ թույլ չտան Ազատության հրապարակում տեղադրել վրաններ, իրենք ստիպված կլինեն չհնազանդվել եւ ամեն գնով տեղադրել դրանք:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանը» դեկտեմբերի 1-ին անժամկետ հանրահավաքներ է սկսել եւ արդեն մի քանի օր է՝ նախաձեռնության անդամները հերթափոխով գիշերում են Ազատության հրապարակում:

Նշենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: