Երեւանի Ազատության հրապարակում արդեն 4-րդ օրը նստացույց անող՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներից Գագիկ Եղիազարյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունն առգրավել է նաեւ 4 սեղան, որոնք ակտիվիստները փորձում էին տեղադրել Ազատության հրապարակում: Ըստ ոստիկանության՝ ակտիվիստները հրապարակում սեղան տեղադրելու թույլտվություն չունեին:

Գուրգեն Եղիազարյանը դեռ ոստիկանությունում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ոստիկանությունը ակտիվիստներին թույլ չեր տվել սեղաններ տեղադրել Ազատության հրապարակում: Ակտիվիստները սեղանները հրապարակ էին փորձել բարձրացնել գետնանցումով, ոստիկանները մոտեցել էին նրանց, առգրավվել սեղաններն ու բերման ենթարկել Գագիկ Եղիազարյանին:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանը» դեկտեմբերի 1-ին անժամկետ հանրահավաքներ է սկսել եւ արդեն մի քանի օր է՝ նախաձեռնության անդամները հերթափոխով գիշերում են Ազատության հրապարակում: