Եկող տարի Հայաստանը կմիանա «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Այդ մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Եվրոպական միության . «Արեւելյան գործընկերության»  «Մշակույթ եւ ստեղծագործականություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառման շրջանակում: 

Ծրագիրը, նախարարի խոսքով, մեծ նշանակություն ունի մի քանի տեսանկյունից: «Նախ եւ առաջ` ծրագրի հիմքում դրված է ստեղծագործ մտածողության կարեւորությունը: Առայժմ ծրագրերի մեծամասնությունն ուղղված էր  ընդհանուր դաշտի ստեղծմանը: Պատահական չէ, որ տվյալ ծրագիրը կոչվում է «Մշակույթ եւ ստեղծագործականություն», որովհետեւ ամեն մշակույթ նախ եւ առաջ ստեղծագործություն է», - ընդգծել է Պողոսյանը: Այս ոլորտում Հայաստանը, նշել է նախարարը,  մեծ ներուժ ունի, որովհետեւ մենք` հայերս ստեղծագործ ժողովուրդ ենք: «Հայաստանն իր ստեղծագործություններով միշտ ներգրավված է եղել եվրոպական դաշտում, այսինքն մենք մեր մշակույթը ստեղծել ենք` սերտ կապեր պահպանելով եվրոպականի հետ», - ասել է նախարարը: «Մշակույթ եւ ստեղծագործականություն» ծրագիրը, հավելել է Հասմիկ Պողոսյանը, ի տարբերություն նախորդ ծրագրերի, բավականին իրատեսական է: