Սահմանադրական փոփոխությունները չեն լուծելու մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, այլ դրանք լուծելու հնարավորություն են տալիս: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Փաստաթուղթը ոչ մի խնդիր չի լուծում, ասել որ կլուծվեն բոլոր խնդիրները, սխալ կլինի, իրավական փաստաթուղթն է էդպիսին: Սահմանադրությունը պարզապես հնարավորություն կտա այդ խնդիրները լուծելու»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Լեռնիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ նոր Սահմանադրությունը լավագույնս լուծում է իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ պատասխանատվության համարժեքության խնդիրը:

ՀՀԿ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական կառավարման համակարգը վերոնշյալ խնդիրների լուծման լավագույն տարբերակն է:

Այն դիտարկմանը, թե ժողովուրդը խորհրդարանականներին չի հավատում, Լեռնիկ Ալեքսանյանը նշեց. «Իսկ ու՞մ է հավատում, կա՞ մի ընդդիմադիր, որին հավատու՞մ է: Ժողովուրդը էսօր իշխանություններին ավելի շատ է վստահում, քան ընդդիմությանը»:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նախագծով նախատեսվում է անցում դեպի խորհրդարանական կառավարման համակարգի: