Սահմանադրական փոփոխություններով ամրագրված չէ, թե ինչպես է կանխվելու արտագաղթը, որը մեր երկրի անվտանգության կարեւորագույն հարցն է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` հավելելով, որ նախագծում անպատասխան շատ հարցեր կան:
«Հիմա մեր կարեւորագույն խնդիրն արտագաղթը կանխելն է եւ դրանով մեր անվտանգությունն ապահովելն է: Սակայն սահմանադրությունն այս հարցին չի պատասխանում: Հայտնի չէ նաեւ` մեր երկիրն ուր է գնում, ինչ ուղիներով է զարգանալու: Իսկ մենք ուզում ենք մի համակարգ, որը երկիրը կփոխի»,- ասաց Արամ Սարգսյանը:
Քաղաքական գործիչը մտահոգություն հայտնեց նաեւ սահմանադրական փոփոխություններով նախատեսվող 2-րդ փուլի ընտրությունների վերաբերյալ:
«Անհասկանալի է` ինչու է կոնկրետ 101 պատգամավոր լինի խորհրդարանում, եւ քանի մանդատով կարող է այդ թիվն ավելանալ, մեկ էլ ասվում է` 191 կարող է դառնալ: Ամեն ինչ բարձիթողի վիճակում է այս նախագծում, ուզում են խաղ անել ու գնալ»,-նշեց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով` նոր Սահմանադրությունը չի պատասխանում նաեւ առկա սոցիալական խնդիրներին վերաբերող հարցեր:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նախագծով նախատեսվում է անցում դեպի կառավարման խորհրդարանական համակարգի:





























