Ռուսաստանը Թուրքիայի կողմից իր ռմբակոծիչը խոցելուց հետո Էրդողանին մեղադրում է ԻՊ-ի հետ նավթային գործարքների մասնակցելու մեջ։ Անկարան իր հերթին հերքում է այդ մեղադրանքները։ Սակայն Թուրքիան իրոք տարանցիկ ուղի է հանդիսանում ԻՊ-ի նավթի արտահանման ճանապարհին։ Այս մասին գրում է ավստրիական Die Presse պարբերականը։ 

«Ռուսական Սու 24 օդանավը խոցելուց հետո Պուտինն ու Էրդողանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Լարվածությունն իր գագաթնակետին հասավ այն պահին, երբ Պուտինը Թուրքիային մեղադրեց ԻՊ-ի եւ Թուրքիայի միջեւ նավթի առքուվաճառքի գործարքները պաշտպանելու մեջ»,- գրում է հեղինակը եւ հիշեցնում, որ Էրդողանը, դրան ի պատասխան, հայտարարել էր, որ եթե այդ մեղադրանքները հաստատվեն, ինքը պատրաստ է հրաժարական տալ։

«Սակայն Թուրքիայի եւ ԻՊ-ի միջեւ շփումը տարբեր եզրեր ունի։ Չմոռանանք, որ ջիհադականներն իրենց հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Ջերաբուլուս եւ Քիլիս քաղաքների միջեւ 100 կմ երկայնքով ձգվող թուրք-սիրիական սահմանը, որով մաքսանենգ ճանապարհով զենք եւ այլ արտադրանք են անցկացնում։ Էրդողանը Սիրիայում իրականում 2 թշնամի ունի՝ նախագահ Բաշար Ասադը եւ քրդերը։ Թեպետ ֆորմալ առումով Թուրքիան միացել է միջազգային կոալիցիայի օդային  հարվածներին, սակայն իրականում նա գրոհում է միայն Իրաքի հյուսիսում եւ Սիրիայում Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը՝ դրանով իսկ թուլացնելով այն ուժը, որը պայքարում է ահաբեկիչների դեմ»,- շարունակում է հոդվածագիրը։ Հեղինակը նշում է, որ Պուտինի հնչեցրած մեղադրանքների ասպարեզ գալուց հետո առաջին հերթին ուշադրությունը կենտրոնացվեց ԻՊ-ի նավթի վաճառքի վրա։ «Հարյուրավոր տանկերներով ԻՊ-ի սեւ ոսկին սկզբում անցնում է Իրաքի Քրդստան, որտեղ այն պաշտոնական փաստաթղթեր է ստանում։ Նրանից հետո այն ուղեւորվում է Մերսինի, Ջեյհանի եւ Դորթյոլի նավահանգիստներ եւ դուրս բերվում երրորդ երկրներ»,- գրում է հեղինակը։

Պարբերականը, գնահատելով նավթից ստացվող եկամուտների ծավալը, մեջբերում է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացրած թվերը։ «ԱՄՆ Ֆիննախի գնահատմամբ՝ ԻՊ-ը 2015թ. նավթի վաճառքից 500 մլն դոլար եկամուտ է ստացել։ Բացի դրանից ջիհադականները զանգվածային կերպով զբաղվում են մարդկանց վաճառքով եւ դրամաշորթությամբ։ Իսկ նրանց 10 մլն ենթակաները հարկեր են վճարում «պետությանը»,- եզրափակում է  հեղինակը։