Արագածոտնի մարզում այս տարվա օգոստոսին կնոջը դանակահարելով սպանելու մեջ մեղադրվող Գեւորգ Գալոյանի նկատմամբ որպես պատիժ ընտրվել է բժշկական բնույթի հարկադրական միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գալոյանը 2015թ. օգոստոսի 25-ին ժամը 22:00-ի սահմաններում իր բնակարանում, խոհանոցային դանակով ապօրինաբար իր կին Գ. Գրիգորյանին կյանքից զրկելու` սպանելու նպատակով հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով նրան մահ:
Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Գեւորգ Գալոյանը վրդովված է եղել կնոջ՝ Գայանե Գրիգորյանի անտարբեր վերաբերմունքից, մասնավորապես միեւնույն անկողնում իր հետ չքնելու հանգամանքից: Օգոստոսի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, վերցնելով տանը գործածվող խոհանոցային դանակը, Գալոյանը մտել է հյուրասենյակ, որտեղ մոտենալով մահճակալին մեջքով դեպի իրեն պառկած Գայանե Գրիգորյանին, իր ձեռքին եղած խոհանոցային դանակով ապօրինաբար, դիտավորությամբ Գայանե Գրիգորյանին կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, մեկ անգամ դանակով հարվածել է Գայանե Գրիգորյանի կրծքավանդակի աջ հատվածին: Առաջացած սուր ներքին արյունահոսության պատճառով Գայանե Գրիգորյանը Ծաղկահովիտի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացութան համաձայն՝ Գեւորգ Գալոյանը դեռեւս 1999թ.-ից տառապել է «Շիզոֆրենիա պարանոիդ ձեւ, ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Իրավախախտումը կատարելիս փորձաքննվողը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում: Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը եւ ղեկավարել դրանք:
Գործը քննող Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Գեւորգ Գալոյանը ճանաչվել է քրեական գործի շրջանակներում անգործունակ: Դատարանը որոշում է կայացրել, որ Գալոյանը ենթակա չէ քրեական պատասխանատվության եւ պատժի, այլ կարիք ունի հարկադրական բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում 2015թ. օգոստոսի 25-ին գյուղի բնակիչ 55-ամյա Գեւորգ Գալոյանը դանակով հարվածել եւ սպանել է 52-ամյա կնոջը՝ Գայանե Գրիգորյանին:



























