«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նոյեմբերի 17-ից հացադուլ է անում, սակայն այդ մասին նրա հարազատներն իմացել են դեկտեմբերի 4-ին՝ մամուլի հրապարակումներից։ NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ասաց, որ ինքն անհանգստացած է Հայկի առողջական վիճակով, քանի որ դատարանում նա հյուծված տեսք է ունեցել։
«Պարզվում է, որ Հայկն արդեն 15 օր է հացադուլ է անում ու մեզ այդ մասին ոչ ոք տեղյակ չի պահել։ Ես տեսակցության օրը գնացել էի, որ նրան տեսնեմ, սակայն հետաձգվեց, երեւի հենց այդ պատճառով էր, բայց ինձ ոչինչ չասացին։ Ես շատ եմ անհանգստացած նրա առողջական վիճակով, քանի որ այդ պայմաններում հաց չուտելն ավելի վատ կանդրադառնա Հայկի առողջության վրա»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը։
Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Հայկ Կյուրեղյանը բողոքում է իր առողջական վիճակից եւ այդ պատճառով էլ հացադուլ է Հայտարարել։ Նրա խոսքով, բժիշկները հետազոտել են Հայկին եւ ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերել նրա մոտ։ Գոռ Ղլեչյանի խոսքով, Հայկ Կյուրեղյանը բժիշկների հսկողության տակ է եւ այս պահին նրա առողջական վիճակը բավարար է։
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: Նա Վերաքննիչ բողոք է ներկայացրել:




























